Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նպատակ ունեմ բեմում ֆիլմ ստեղծել»

«Նպատակ ունեմ բեմում ֆիլմ ստեղծել»
20.04.2014 | 14:19

Ապրիլի 25-ին Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնում տեղի կունենա ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Արտուրո ՈՒի կարիերան, որը պետք է կանխվեր» (ըստ` Բերթոլդ Բրեխտի) ներկայացման պրեմիերան:

Ռեժիսորը մեզ հետ զրույցում ասաց, որ Բրեխտին ծանոթ է դեռ 3-րդ կուրսից. «Իմ ուսուցիչը` Ռաֆայել Ջրբաշյանը խորհուրդ տվեց, որ ուսումնասիրեմ Բրեխտ: Ես նրա «Լրտես»-ից մի հատված բեմադրեցի լսարանային պայմաններում, որը շատ լավ արձագանք գտավ: Թեման դարձյալ պատերազմն էր, ֆաշիզմը, գաղտնի խոսակցություներ, երբ նույնիսկ ամուսինը չի կարող պարզ խոսել կնոջ հետ, որովհետև կարող է լսել աղախինը, կինը կարող է դավաճանել և այլն: Բեմադրել եմ նաև Վիլյամ Սարոյան: Հետո երկար փնտրում էի այնպիսի պիես, որտեղ կներյանար Հիտլերն իր համախոհներով: Ասացին, որ Բրեխտն ունի նման գործ»:
Երիտասարդ ռեժիսորը ձեռնամուխ է լինում «Արտուրո ՈՒի կարիերան, որը պետք է կանխվեր» ստեղծագործությունը պիեսի վերածելու բարդ գործին: Նրան օգնում են ընկերները, հատկապես գլխավոր դերակատարը` Արսեն Սարգսյանը: «Մոտ 60 դերակատար էր անհրաժեշտ, ու որպեսզի շատ գեղեցիկ հատվածներ, գույներ չկորեն` փորձեցի կրճատելով հանդերձ էքսպերիմենտ անել. մի դերասանը խաղում է մի քանի տեսարանում: Իմ կարծիքով Բրեխտը թույլ է տալիս դա»,- ասաց ռեժիսորը:
Ներկայացումը բաղկացած է 17 տեսարանից, տևում է մեկ ժամ: Ռեժիսորը նշեց, որ նպատակ ունի բեմում ստեղծելու ֆիլմ: Խոշոր պլաններ, ֆիլմի մթնոլորտ ստանալու համար նա դիմել է լուսարձակների օգնությանը: «Եթե տեսախցիկը լուսավոր տարածքում ընդգծում է ասենք դերասանի աչքերը, ես բեմում կատարյալ մթություն ստեղծելով` լուսարձակով եմ ընդգծում աչքերը: Ինչն, իհարկե, բարդ պրոցես է: Տեսարաններն անընդհատ փոխվում են. կա տեսարան, որ և սենյակ է, և ամբիոն, դեկորացիաների մի քանի շարժումով փորձում ենք ամբողջ մթնոլորտը փոխել: Մեզ հիմնականում օգնում է լուսային ձևավավորումը: Հակառակ դեպքում չէինք ստանա այն մթնոլորտը, որը համապատասխանում է և Բրեխտին, և իմ էությանը»:
Հետաքրքրվեցի` դեռևս անծանոթ ռեժիսորի նոր աշխատանքը կբերի՞ հանդիսատեսին թատրոն: «Նոր անունը այնքան չի գրավում, ինչքան ձևը, գաղափարը,- ասաց զրուցակիցս: - Եթե ես իմանամ, որ հայաստանյան թատրոններից մեկում կա թրիլլեր ժանրի ներկայացում, որտեղ օգտագործում են տարբեր էֆեկտներ, ինձ չի հետաքրքրի` ո՞վ է բեմադրում, ես կգնամ տեսնելու նորությունը, հետո արդեն կհետաքրքրվեմ, թե ովքեր են ներկայացման հեղինակները»:
Արթուր Սարգսյանն անկեղծորեն ասաց, որ այս ընթացքը փորձաշրջան է իր համար: Մի օր վստահորեն կասի, որ ֆիլմ է նկարահանելու: Նկատեց, որ թատրոնում դու կարող ես վատ տեսարանը հետո փոխել, իսկ ֆիլմում պիտի վստահ լինես ամեն դետալի, գաղափարի շուրջ, որ վեջնական լինի: Ռեժիսորն իր ապագան չի տեսնում հայրենիքում: Գնալու է արտերկիր, կվերադառնա անակնկալներով, հանդիսատեսին ինչ-որ բան ներկայացնելու պայմանով:
Արթուրի կարծիքով, հայաստանյան թատրոններում պիտի ուշադրություն դարձնեն ժամանակին, երկու ժամ ու կես տևող ներկայացումն, օրինակ, ձանձրացնում է: Շարժում պետք է լինի ներկայացման մեջ: Համոզված է նաև, որ շատ բան կարող են փոխել մարդու կյանքում թատրոնն ու կինոն. «Եթե մարդը ծայրահեղ իրավիճակում է, և տեսել է ներկայացում, որտեղ կերպարը ապրել է դա, ինչ-որ ճանապարհ է ընտրել, նա կարող է առաջնորդվել նաև դրանով: Ճիշտ արվեստը դաստիարակում, ուղղորդում է մարդուն»: Հայ հեղինակներից, ըստ նրա, կատարյալ բարձրունքում է Վիլյամ Սարոյանը: Երևանում սիրած թատրոն չունի. «ՈՒզում եմ միտքս ազատ լինի: Պարտադրանք չեմ սիրում: Ընկերներիս ներկայացումներն եմ նայում, որ տեսնեմ, ինչպես են աշխատել: Բոլոր թատրոնների մթնոլորտին ծանոթ եմ, արդեն գիտեմ ինչ է կատարվում: Թող կոպիտ չհնչի, եթե ազատ ժամանակ է լինում, գերադասում եմ նայել ավելի որակով… թեկուզ հաղորդում»: Այսօր ստեղծվող հայկական ֆիլմերը չի նայում: Որովհետև հետաքրքրվում է հոլիվուդյան, եվրոպական ճիշտ ֆիլմերով: Կամ երաժշտություն է լսում, որն ավելի շատ է օգնում պատկերներ ստանալու հարցում, քան ֆիլմ նայելը: «Թեև ֆիլմն իմ սնունդն է»,- նշում է նա:
Վերադառնալով «Արտուրո ՈՒի կարիերան, որը պետք է կանխվեր» ներկայացմանը, որն ի դեպ նրա դիպլոմային աշխատանքն է, հետաքրքրվեցի` արդիակա՞ն է պատերազմի, ֆաշիզմի թեման: «Հիմա մեզ մոտ էլ է ֆաշիզմ: Այնտեղ փորձում էին երկրից դուրս հանել մարդկանց, ովքեր գերմանացի չէին, հրեաների դեմ էր հալածանքը, հիմա այստեղ իշխանությունները, վերնախավը նույնն անում են հասարակ մարդկանց նկատմամբ: Պիեսում խոսքի ազատության համար պայքարում էին, խոսքն ասում էին, գնդակահարվում էին, այստեղ ոչ ոք ոչինչ չի ասում»,-կարծիք հայտնեց զրուցակիցս: Համացանցում, օրինակ, ով ինչ ուզում ասում է` հակադարձեցի: «Համացանցում գուցե, բայց բաց հարթակներում, օլիգարխի, պաշտոնայի ճակատին չեն ասի, ինչ մտածում են»,- նկատեց ռեժիսորը: Մեր զրույցի վերջում Արթուրը շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբին, իր ուսուցչին, նաև հանդիսատեսին՝ նշելով, որ չեն կարող բեմադրությունը ներկայացնել դատարկ դահլիճում: Հավելեց, որ Բրեխտին զուգահեռ նոր ներկայացում է բեմադրում: Ծրագրերի մասին առայժմ այդքանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ